February 16

Դիտման մեթոդ, օբյեկտիվ դիտում

Դիտման մեթոդը հետազոտության հնագույն մեթոդն է։ Դրա օգնությամբ կարելի է մարդու մասին լայն տեղեկություններ ստանալ։ Այն անփոխարինելի է այնտեղ, որտեղ մշակված չեն ստանդարտացված ընթացակարգեր։ Դիտման մեթոդը չափազանց մեծ նշանակություն ունի երեխաների հոգեբանական առանձնահատկություններն ուսումնասիրելու համար, քանի որ նրանք մեծ խնդիրներ են առանջնացնում փորձարարական հետազոտության ընթացքում։

Դիտման՝ որպես ընդհանուր հոգեբանական մեթոդի նշանակությունը նրանում է, որ, ի տարբերություն այս կատեգորիայի այլ մեթոդների (զրույց, հարցազրույց, հարցաթերթ, թեստ), այս մեթոդը հնարավոր է ոչ միայն յուրաքանչյուր հետազոտության մեջ, նույնիսկ անխուսափելի է։ Եթե նույնիսկ օբյեկտի ուսումնասիրման համար օգտագործվում է այլ փորձարարական մեթոդ, դիտումը պարտադիր ուղեկցում է վերջինիս։ Ցանկացած ուսումնասիրման ժամանակ հետազոտողը դիտում է, հետևում է փորձարկվողի ռեակցիաներին և վարքի դրսևորումներին, ինչպես նաև հետևում է փորձի անցկացման պայմաններին։ Թերևս միայն փաստաթղթերի ուսումնասիրությունն է անցկացվում առանց հետազոտվող օբյեկտի անմիջական դիտման։ Սակայն, այստեղ էլ հետազոտողը անուղղակիորեն օգտագործում է դիտման արդյունքներ։ Այս առումով, կարելի է ասել, որ դիտումն ընկած է ցանկացած հետազոտության հիմքում։

Բայց դիտումը նաև հատուկ մեթոդ է. այն հայտնաբերում է օբյեկտի մի շարք հատկություններ, նրանց միջև առկա կապերը։ Դիտումը տալիս է օբյեկտի մասին ամբողջական և իրական պատկերացում։

Գիտական, հոգեբանական դիտումը պահանջում է նպատակի առկայություն, դիտման գործընթացի կազմակերպվածություն, ստացված արդյունքների գրանցում, ինչպես նաև գրանցվող նյութի ամբողջականությունը և ադեկվատությունը։

Նպատակի գիտակցումը դիտման առարկան է։ Դիտողը գիտի, թե ինչ պետք է նկատի այս կամ այն իրավիճակում։ Հենց դրա վրա էլ նա կենտրոնացնում է իր ուշադրությունը։ Դիտման նպատակաուղղվածությունն ապահովում է նրա ընտրողական բնույթը՝ առանձնացնելով դիտողի համար էականը, կարևորը։


Posted February 16, 2022 by Ագապի Oհանյան in category Քաղ. Սոց. Հիմունքներ

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*